20.02.2011

Ռնե Շար - Սիրահարված մողեսի տրտունջը

Մի կտցահարիր արևածաղկին,
Քո նոճիները պիտի վշտանան,
Կարմրակատարիկ, թևիդ տուր կրկին,
Քո փափուկ բնում գտիր հանգրվան:

Երբեք չես կարող լինել երկնաքար,
Որ խորշակի դեմ կանգնես անասասան,
Իսկ ծիածանը` դաշտային ծիծառ,
Մարգարտածաղկի մասն է անբաժան:

Մարդն է կրակում, թաքնվիր իսկույն,
Մեղսակցում են մարդ, արևածաղիկ,
Կանաչ խոտերն են քեզ միայն հոգում,
Դաշտի խոտերը խոնարհ ու հուշիկ:

Չի էլ ճանաչում քեզ օձը սողուն,
Եվ փնթփնթան է մորեխն անդադար,
Խլուրդը կույր է, մնում է տեղում,
Ամեն ինչ լավ է թիթեռի համար:

Կեսօր է արդեն, կարմրակատարիկ,
Ավելուկն այստեղ փայլ է արձակում,
Շտապիր, գնա առանց փորձանքի,
Ընտանիքն արդեն մարդուն կանչեց տուն:

Արձագանքն այստեղ վստահ է ու ճիշտ,
Որպես մարգարե ես զննում եմ վարժ,
Իմ պատից եմ ես տեսնում ամեն ինչ,
Նույնիսկ բվեճի երերումն անշարժ:

Ո՞վ մողեսից լավ, իր սիրով անշեջ,
Կարող է հայտնել գաղտնիքն երկրային,
Թե բույն ես դրել իմ քարերի մեջ,
Օ թեթև, բարի արքա երկնային: 

Պարույր Սևակ - Երբ աչքերն են սառում


Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի,
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

... Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու:
Դա եթե սուտ չէ,
Ապա բարություն Է,
Որ ծնվել Է միայն խեղճությունից:
Իմոնք Էլ են սառում,
Սակայն դու չես գալու:
Դու չես կարող, գիտեմ,
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի :

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի`
Այդ դեպքում ես
Ինչպես անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրուկ եմ.
Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել
Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը...

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե,
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում:

Բայց հոգնել եմ արդեն
Եվ հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչինչ,
Ցավ չեմ զգում անգամ: 


Այ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

Պարույր Սևակ - Հանգստացրու ինձ

Հանգստացրո'ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...
Օգնի'ր, որ ցավըս...
Չի՜ անցնի ցավըս:
Գուցէ պետք էլ չէ, որ անցնի ցավը:
Նա էլ է ծնունդ,
Ինչ-որ երեխա
Եվ... իր ապրելու իրավունքն ունի...
Օգնի'ր, որ ցավիս ետևո'ւմ պահվեմ.
Հանգստացրո'ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...
Ինչի՞ համար է այս երկմտանքը.
Չէ՞ որ տանջվել եմ ես ազնվորե՜ն:
Թող որ ամեն բան բաց պատկերված չէ,
Սակայն ամե՜ն բան պատկերացված է:
Ինչ-որ հնարքով կողպի'ր մտքերըս.
Հանգստացրո'ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...
Անչափ կարոտ եմ շատ պա'րզ խոսքերի`
Տափակ-կրկընվա՜ծ,
Շատ գործածվելուց ողո՜րկ-լպրծո՜ւն,
Բայց նաև միա'կ-չփոխարինվո'ղ
Շատ պա՜րզ խոսքերի:

Թող որ այցելեն ինձ այդ խոսքերը:
Եվ այնժամ գուցե ես ժպտամ նորից
Եվ իմ ժպիտով ինձ հանգստացնեմ:
Սակայն մինչ այդ ի՜նչ խոսքով կուզես
Հանգստացրո'ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...

Հանգստացրո'ւ ինձ`
Չգիտե՜մ ինչով:
Գուցե` ոչնչով:
Էլ չկա՜ հրաշք:
Իսկ դու կարող ես հրաշք ստեղծել
Թաքուն երազված կետկետուն քայլիդ հնչուն նազանքով`
Իմ շրջակայքում,
Փոշով խավապատ հայելու վրա`
Քո փորագրիչ-նկարիչ մատի մի խզբզանքով,
Որ նման լինի անհայտ մի լեզվի նշանագրի:
Իսկ սա մի՜շտ ունի ունի թալիսմանի ուժ...
Տո'ւր ինձ մի խորհուրդ,
Խորհուրդ այնպիսի',
Որ ո'չ մի բառով չի բռնադատվում:
Էլեկտրագրի'ր մի գալարագիծ կամ մի լուսալիք,
Ինչպես անում են ճշգրիտ կոչված սարքերը միայն:
Թարգմանությունը մի՜շտ սպանում է:
Քե'զ մի թարգմանիր.
Ի'նձ հանգստացրու,
Հանգստացրո՜ւ...
Տիեզերքի մեձ բոլոր մարմիններն ունեն գնդի ձև:
Եվ հիմա չունեմ ես իմ մեջ ոչի՜նչ,
Որը չլինի հանգույցի' նման,
Կոճակի' նման,
Նաև կորիզի՜.
Սե'րը,
Տանջա'նքը,
Մտքե՜րըս բոլոր`
Հանգույցի' նման,
Կոճակի' նման,
Նաև կորիզի՜:
Տափակացրու.
Ինձ հանգստացրո՜ւ...

Ասա. «Հերի՜ք է»:
Եվ ասա. «Կա'նգ առ»:
Ու ես կանգ կառնեմ,
Ինչպես նագնում են
Տրամվայների մոտեցող-հասնող շնչառությունից,
Ինչպես կանգնում են փակ դռան հանդեպ:
Ու ես չե'մ ուզում ոչի՜նչ ուզենալ.
Ո'չ այն պատճառով,
Որ ուզենալը վիրավորիչ է,
Այլ ա'յն պատճառով,
Որ պատճառ չկա բան ուզենալու:
Բայց, այսուհանդերձ, ինձնից էլ թաքուն,
Գուցե կուզեի մի պահ կանգ առնել,
Ինչպես կանգնում են
Ո'չ թե մոտեցող տրամվայների շնչառությունից,
Փակ դռան առջև,
Այլ այնպես,
Ինչպես կանգնում են նաև ծաղկի՜ հանդիման...
Դու այնպե'ս ուզիր,
Որ ես չուզենա՜մ.
Հանգստացրո'ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...