***
Երբեք ոչ մի տեղ չի հիշատակված,
Թե սրախողխողն ավազակներից աղաչել է քեզ,
Զի կարկամած էր.
Չի արձակել նա մեծիդ ետևից պաղատանքի ձայն,
Զի պապանձված էր.
Չի սևեռել քեզ արտասվաշաղ
Ու կողկողագին հայացքն աչքերի,
Զի մեղապարտ էր.
Ոչ էլ միջնորդի բարեխոսությամբ
Գթառատ կամքդ է շահել աշխատել,
Քանզի լքված էր.
Նույնիսկ ջախջախված մարմնի արյունով
Ներկված ձորձերն իր քեզ չկարկառեց
Փորձելով ճմլել սիրտը գթածիդ,
Զի հուսահատ էր.
Ծնկների վրա, ինչպես ոտքերի
Գարշապարներով, չուղղվեց դեպի քեզ,
Քանզի անզոր էր տեղից բարձրանալ.
Երբ համարվում է, դեռևս կենդանի, մեկը կիսամեռ,
Քիչ է տարբերվում արդեն մեռածից:
Նամանավանդ որ, թեև խրատվեց մեծիդ խոսքերով,
Բարերարվեց քո գթասրտությամբ
Ու լուսազարդվեց ճաճանչով փառքիդ,
Ոչ միայն դարձյալ շարունակեց քեզ հակառակ գնալ,
Այլև հեստաբար ապստամբելով՝
Անցավ բանակն իր թշնամիների,
Դաշնակեց նրանց ու միաբանվեց ատողներիդ հետ: