06.06.2011

Գիյոմ Ապոլիներ - 15 ապրիլի, 1915

Գրում եմ մեն-մենակ` մի խարույկի դողդոջ 
Ցոլքերի տակ:
Մերթ մի արկի հեծքն է ճեղքում գիշերն ամբողջ,
Իսկ մերթ հստակ
Լսվում է, թե ինչպես մի հեծյալ է վարգում
Ճանապարհին:
Եվ մերթ էլ մի անծեղ ճչում է չարագույժ:
Հազիվ ձեռքն իմ 
Այս տողերն է գրում: Ցտեսություն, իմ սեր: 
Թղթին դեռ կան
Խորհրդավոր գծեր, որ նշաններն են մեր 
Երջանկության:
Խորհրդավոր իմ սեր, օ, Լյու, կյանքը պիտի 
Ընծայի մեզ
Այնքան պահեր անհագ հեշտանքի ու խինդի.
Դեռ դու և ես
Կզգանք սերը միակ: Ցտեսություն իմ սիրտ:
Հիմա ես այդ
Խորհրդավոր աստղն եմ տեսնում, որ աչքերիդ 
Ահ, երկիմաստ
Գույնը ունի: Ահա քո նայվածքն է իմ դեմ:
Եվ սուր մի փուշ 
Խոցում է ինձ կրկին: Ցտեսություն, արդեն 
Գիշեր է ուշ: 

Գիյոմ Ապոլիներ - Ճամփորդը

Ֆեռնան Ֆլյորեին

Բացեք իմ դեմ այս դուռն, որ բախում եմ լալով:

Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի նման:

Դիտում էիր հսկա ամպերը և որբ մի նավ,
Որոնք իջնում էին դեպի տենդեր գալիք:
Այդ մորմոքները քո, զղջումները բոլոր
Հիշում ես դու?:

Տարտամ ու կոր ձկներ` ստորջրյա ծաղիկ:
Գիշերը ծով էր, ուր 
Գետերն էին թափվում:

Ես հիշում եմ, հիշում եմ դեռ:

Մի երեկո տխուր մի հյուրանոց իջա
Լյուքսեմբուրգին մոտիկ:
Մի Հիսուս էր հառնում լայն սրահի խորքում:
Մի մարդ` ոզնու տեսքով,
Մյուսը` ժանտաքիսի,
Լուռ թուղթ էին խաղում,
Եվ մոռացար դու ինձ:
Հիշում ես դու արդյոք կայարաններ չափած մեր որբությունը երկար?:
Մենք քաղաքներ անցանք, որոնք ցերեկն ամբողջ պտտելուց հետո,
Օրվա արևն էին գիշերվա մեջ փսխում:

Օ, նավազներ,օ , իմ ուղեկիցներ և դուք, մռայլադեմ կանայք,
Վերհիշում եք արդյոք?:

Երկու նավազ, որոնք չէին լքել իրար,
Երկու նավազ, որոնք չէին խոսել բնավ:
Փոքրը մահվան ժամին կողքի վրա ընկավ:

Ուղեկիցներ իմ թանկ`
Կայարաններ լցնող էլեկտրական զանգեր, քաղվոր կանանց երգեր,
Կամուրջների հեծյալ զորագնդեր անթիվ, փողոցների ջոկատ,
Մսագործի մի կառք և գիշերներ գունատ` խմիչքների միգում...
Խենթերի պես էին ապրում իմ այդ տեսած քաղաքները բոլոր:
Հիշում ես մատույցներ ու նախիրի նման տեսարաններ լալկան?:

Լուսնի լույսի վրա նոճիների շուքեր:
Լսում էի ես այդ գիշերում ուշ ամռան
Մի լայն գետի խոխոջյունը անմեռ
Եվ գրգռված հավքի կիսնվաղ մի ձայն:

Բայց երբ ամեն մեռնող սևեռում էր ծոցին
Իր աչքերը, դրանք ջղաձգորեն բացած`
Ափերն էին ամա, խոտավետ ու լռին,
Իսկ դիմացի ափին լեռը շատ էր պայծառ:

Այնժամ, երբ թվում էր, թե չկա ձայն ու ձև,
Իրենց  տարտամ դեմքը կիսով շուռ տալով
Եվ նիզակի ստվերը բռնած իրենց առջև`
Աշխույժ շուքեր անցան պայծառ լեռան կողքով:

Եվ լանջերի վրա ուղղահայաց լեռան
Այդ շուքերը մորվեղ, սայթաքելով հուշիկ,
Մերթ բարձրանում էին և մերթ իջնում անձայն
Եվ արտասվում էին հանկարծ, ինչպես մարդիկ...

Ում ես ծանոթ այս հին նկարների վրա?:
Հիշում ես, մի մեղու կրակի մեջ ընկավ:
Օրն այդ հիշում ես դու` ամռան վերջն էր արդեն:
Երկու նավազ, որոնք չէին լքել իրար:
Երեցը մի երկաթ շղթա ուներ վզին,
Իսկ կրտսերը խարտյաշ իր մազերն էր հյուսում:

Բացեք իմ դեմ դուռն այս, որ բախում եմ լալով:

Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի նման:

03.06.2011

Եղիշե Չարենց - Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ ...


Գիտեմ, որ մի օր կմեռնեմ ես էլ
Ու կվերջանա իմ կյանքի ուղին։
Մոռացած բոլոր երգերս լուսե՝
Կհանձնեն ինձ էլ արգավանդ հողին։

Արևը նորից անհոգ կխնդա՝
Փռելով չորս դին լուսավոր գանձեր։
Եվ մայրս անգամ էլ չի՛ հավատա,
Որ եղել եմ ես, ապրել ու անցել։

Եվ գերեզմանս երբ փակվի ինձ հետ—
Մեղքս կմոռնան, սիրո խոսք կասեն,—
Եվ անցած կյանքս կդառնա լեգենդ՝
Օրերիս նման անդարձ ու վսեմ...