Գրում եմ մեն-մենակ` մի խարույկի դողդոջ
Ցոլքերի տակ:
Մերթ մի արկի հեծքն է ճեղքում գիշերն ամբողջ,
Իսկ մերթ հստակ
Լսվում է, թե ինչպես մի հեծյալ է վարգում
Ճանապարհին:
Եվ մերթ էլ մի անծեղ ճչում է չարագույժ:
Հազիվ ձեռքն իմ
Այս տողերն է գրում: Ցտեսություն, իմ սեր:
Թղթին դեռ կան
Խորհրդավոր գծեր, որ նշաններն են մեր
Երջանկության:
Խորհրդավոր իմ սեր, օ, Լյու, կյանքը պիտի
Ընծայի մեզ
Այնքան պահեր անհագ հեշտանքի ու խինդի.
Դեռ դու և ես
Կզգանք սերը միակ: Ցտեսություն իմ սիրտ:
Հիմա ես այդ
Խորհրդավոր աստղն եմ տեսնում, որ աչքերիդ
Ահ, երկիմաստ
Գույնը ունի: Ահա քո նայվածքն է իմ դեմ:
Եվ սուր մի փուշ
Խոցում է ինձ կրկին: Ցտեսություն, արդեն
Գիշեր է ուշ: