08.12.2011

Եղիշե Չարենց - Ամառ

Արդեն ամառ է շոգ, ջերմին,
Արդեն հասել է բերքը բորբ,
Ծաղկել է վառ պարտեզը իմ. -
Ինչո՞ւ եմ ես անօգ ու որբ: 


Տվել է ինձ արևն ամռան
Ինչ որ միայն կարող էր տալ.
Սերմերն հասան ու չկորան. -
Ինչո՞ւ ես չե՛մ կարող խնդալ...


Ամառը ինձ բերք է բերել,
Տունս լցվի պիտի բերքով. -
Բայց սիրտս մութ ու զուրկ է դեռ
Եվ չի՛ լցվում ամռան երգով...


Ո՞վ գիտե, սի՜րտ, ուղին քո մութ
Ու խորհուրդները քո խավար.
- Սի՜րտ իմ, անհաս կյանքի խորհուրդ,
Սի՜րտ իմ խավար...