24.12.2011

Դավիթ Մելիք – Հրաժեշտ


Բաժանման ահն ու թախիծը ծածկած

Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,

Իմ քաղաքն իր հայացքը հառած

Իմ ճանապարհին` մշուշի միջից

Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:

Ուշ երեկո էր: Կասկադից ներքեւ

Լույսերի խաղը նոր էր կատաղում,

Եվ հրաժեշտի մեղեդին թեթեւ

Անուրջների ու տպավորության

Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:

Տխուր էր պահը: Բայց ողբերգության

Ոչ մի հետք չկար կիսախավարում:

Մեկն ինձ շշնջաց. «Մեկնումը մահ չէ,

Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:

Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,

Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու»