26.06.2012

Иосиф Бродский - Топилась печь


      Топилась печь. Огонь дрожал во тьме.
     Древесные угли чуть-чуть искрились.
     Но мысли о зиме, о всей зиме,
     каким-то странным образом роились.
     Какой печалью нужно обладать,
     чтоб вместо парка, что за три квартала,
     пейзаж неясный долго вспоминать,
     но знать, что больше нет его; не стало.
     Да, понимать, что все пришло к концу
     тому назад едва ль не за два века, --
     но мыслями блуждать в ночном лесу
     и все не слышать стука дровосека.
     Стоят стволы, стоят кусты в ночи.
     Вдали холмы лежат во тьме угрюмо.
     Луна горит, как весь огонь в печи,
     и жжет стволы. Но только нет в ней шума.

10.06.2012

Եղիշե Չարենց - Homo Sapiens


I
Տասերեք թվի ամառը, հունիսին,
Նաիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ
Անցնում էր, հոգսը երեսին,
Տասնըվեց տարեկան մի տղա: —
Վտիտ էր: Միջահասակ: Ուսերը նեղ:
Գանգուր մազեր ուներ, գունատ ճակատ:
Հագին սև շապիկ սատինե՝
Խունացած, առնվազը երեք ամառ հագած:
Դեղին երիզներով դպրոցական գլխարկը
Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ:
Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ,
Անտարբեր շրջապատին, ինչպես ձի:
Նա դուրս եկավ տնից: Կեսօր էր:
Քիչ հետո հայրը երևի գալու էր ճաշելու:
Նա չէր սիրում հորը:
Իսկ հոր համար տղան դարձել էր հանելուկ:
Հայրը: — Հիշեց զայրացած: — Նա երեկ,
Երբ ինքը կես-գիշերին վերադարձավ տուն —
Գազազեց ու համոզեց երկար: — Հետո պայման դրեց՝
Կամ տուն չգալ այլևս, կամ կրկին պատրաստվել քննության:
Ուսը ցնցեց տղան մեքենայաբար,
Հիշեց դպրոցը, հորը, մռայլ տեսուչին, —
Ինքը կանգնած է գլխիկոր նրանց առաջին՝
Դեմքին ամոթ, փոշի ու արցունքներ թափած…
Խորը հոգոց հանեց, հառաչեց —
Ու քայլերը ձգեց: — Երկար
Ձգվում էր իր դեմ փողոցը: Գնում էր:
Ամառվա շաֆրանով ներկած`
Հորանջում էր փողոցը քնում իր:
Փողոցը… Երկու շարք միհարկանի տներ
Դեղին, գորշ, վարդագույն, կրկին դեղին:
Իսկ մեջտեղում՝ շոսսե: — Փոշոտ, նեղ,
Ինչպես գյուղական սայլուղի: —
Երբեմն անցնում էին մայթից մարդիկ,
Դանդաղ անցնում էին ու մտնում տուն:
Ու կրկին ամայանում էր մայթը:
Շոգ: Փոշի: Խաղաղություն: —
Կամ մի տնից երբեմն, մի պատուհանից
Դուրս էր նայում մի պահ մի կանացի գլուխ,
Կանչում էր դիմացի հարևանին —
Ու կրկին փողոցը ննջում էր: Լուռ:
Տղան քայլում էր դանդաղ, առանց նայելու
Իր շուրջը: — Ոտքերը մեքենայաբար
Տանում էին նրան: — Ճանապարհը
Չուներ նրա համար հրապուրիչ բան,
Նա գնում էր այգի: — Կռնատակին
Նա տանում էր մի գիրք: — Չսարսափե՛ս,
Ընթերցո՛ղ: — Գրքի շապիկին
Գրված էր՝ «HOMO SAPIENS»: —

II
Նա կարդում էր երկար, նստած ալլեյում,
Այն հին կաղնու ներքևը, որի բնին
Անցյալ տարի ամառը մի տաքգլուխ:
Դանակով փորագրել էր «Արփենիկ»:
Նա կարդում էր անհագ, լափելով
Էջերը, գլուխները: — Գրքի թերթերից
Մեկը, տիտանային, կարծես շանթ էր թափում
Եվ այրում իր հոգին, իր կրքերը:
Գլուխը վառվում էր: Սիրտը
Թրթռում էր: — Ուզում էր թռչի դո՛ւրս, Դո՛ւրս, —
Տագնապով դարձնում էր թերթերը
Ու կարդո՛ւմ, կարդո՛ւմ, կարդո՛ւմ: —
Չքացել էր աշխարքը: — Այգին
Դարձել էր անիրական: Այգին չկար:
Կար մի մարդ հանճարեղ, կար մի կին:
Կար մի կարոտ միայն:
Եվ անարատ մի սիրտ կար: Եվ մի ուղեղ
Դեռ անապակ, դեռ ջինջ, դեռ մաքուր:
Գավառցի պատանի կար մի խեղճ
Նաիրյան այդ խեղճ քաղաքում:
Նա կարդում էր: Սուզվում էր անդարձ
Ցնորքների հորձանքը: — Գրքի էջերից
Երազվում էր նրան տիտանային մի մարդ,
Որի հոգին, մտքերը, տենչերը
Վիթխարի են, ամե՛ն ինչ խորտակող,
Որը բարձր է իր բութ շրջապատից,
Ինչպես ճահճից — Էլբրուսը, — և վարդագույն
Մի մշուշի նման նրա հոգում
Արդեն փռվում էր մի անեզրական կարոտ...
Նա կարդում էր անհագ — և գնում էր, հանդուգն,
Արդեն ինքն էլ այդ «վեհ» ճանապարհով: —
Եվ թվում էր նրան, թե իր գլխին
Շառաչում են շանթեր, — և իր սրտում
Հրդեհներ է վառում անիրական մի կին,
Մի հանճարեղ աղջիկ... անհագ թերթում
Ու կարդում էր անվերջ, մինչև հոգնեց:
Զգաց՝ քաղցած է քիչ, իսկ գրպանում...
Ընդամենը ուներ... երկու կոպեկ:

III
Երեկո էր արդեն, երբ նա, հոգնած,
Գիրքը դրեց մի կողմ: — Շուրջը նայեց
Ամայի էր ալլեյը: — Հանճարներին վայել
Մի շարժումով շոյեց նա իր ճակատն հանկարծ —
Եվ քայլերը ուղղեց ալլեյից դուրս:
Այնտեղ, այգու դիմացը, կար մի փոքրիկ խանութ,
Որ վաճառում էր հաց: — Կես ֆունտ գնեց
Եվ գրպանում պահած վերադարձավ կրկին
Նա ամայի ալլեյը: — Շուրջը նայեց —
Չէր երևում ոչ ոք: — Նա սպասեց մի քիչ —
Եվ սկսեց ուտել գաղտագողի: — Մտքում
Երազվում էր դեռ նա, այն հանճարեղ Գերմարդը: —
Շուտով կիջնի գիշեր, այգի կգա
Նվարդը... Նա շտապով «ընթրիքը»
վերջացրեց: — Անփույթ
Մի շարժումով գունատ իր ճակատը շոյեց...
Եվ որոշեց հանկարծ, որ դառնալու է ինքը
Մի հանճարեղ պոետ:
Նա որոշեց հանկարծ միանգամի՛ց: —
Այդպիսի միտք չէր էլ նա ունեցել
Երազներում անգամ — երբևէ — մինչ այդ: —
Նա համոզված սակայն, այդ մտածեց:
Ինչպես ինքնին հասկանալի, անչափ
Սովորական մի բան: Ինչպես որ մարդ
Որոշում է հանկարծ — մի անգամ
Մտնել անծանոթ մի ռեստորան —
Եվ անպատճառ խմել մի սիրեցյալ խմիչք…
Հարկավոր է միայն հարմար առիթ —
Եվ ցանկություն անխախտ: — Պարզ է:
Նրա համար՝ պահին այդ, ներքնապես
Այս զգացմունքը կար իր որոշման հանդեպ:
Նա մտածեց, — տխուր էր միայն մի քիչ —
Սակայն հանգիստ: —
Խաղաղ մթնում դողում էին ստվերները:
Նա միայնակ քայլեց ալլեյներում ամա:
Հետո մտավ ակումբը, ուր մի քանի
Ուսանողներ՝ հարբած բիլյարդ էին խաղում:
Ձանձրանալով դանդաղ նա այդտեղից
Երբ դուրս եկավ կրկին մի քիչ հետո—
Արդեն այգին լցվել էր: Դեմը նայեց —
Անցնում էր այն աղջիկը ծառի մոտով, —
Իր երազած աղջիկը, իր դիցուհին,
Իր հանճարեղ Նվարդը... Նա մոտեցավ,
Փորձեց զրույց անել հետը մի քիչ,
Շլացնել նրան իր խոհերով պայծառ...
Բայց աղջիկը նրան չշոյեց,
Չվերցրեց անգամ նրա վարդը…
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այդ պատանին հետո դարձավ պոետ,
Եվ գրեց այս նովելը, որ դուք կարդաք...