27.05.2011

Վիլյամ Սարոյան - Նարինջներ


Նրան ասված էր.
-Երկու ամենախոշոր  նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,- կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:
Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր  Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:
_Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,- ասաց  հորեղբայր Ջեկը,- լսիր, Լյուկ…
Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.
_Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս:
Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը  ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:
_Լյուկ,- ասաց հորեղբայրը,- կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:
_Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,- ասաց հորեղբայր Ջեկի կինը: _Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:
Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:
Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ – որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:
Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:
Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:
_Լա՛վ,- ասաց Ջեկը,- լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:
Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:
Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.
_Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:
Եվ նա լալիս ու լալիս էր:
Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:
Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:
Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:
_Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,- ասաց կինը,- գուցե իսկապես մի բան վաստակի:
Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:
_Անկյու՛նը տար նրան,- բղավեց կինը: _Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:
Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:
Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ  մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:
Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն – մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:
Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:
_Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,- ասաց նա,- երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:
_Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:
_Միանգամայն ճիշտ է,- ասաց Ջեկը:
Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:
Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես.այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:
Նրանք հասն Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին :
_Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:
Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:
_Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:
_Կժպտա՜մ,- ասաց Լյուկը:
Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:
Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա  ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:
Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:
Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:
Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի – մի նարինջ: Մաքրել կեղևը, ներծծել նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր  Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ:
Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:
Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը  խավարելու է…
© Վիլյամ Սարոյան
Տեքստի թվայնացումը` Սոնա Մնացականյանի

25.05.2011

Արթուր Ռեմբո - Գեշ Արյուն («Մի եղանակ դժոխքում»)


Գաղիացի իմ նախնիներից ես ժառանգել եմ բաց կապտավուն աչքեր, սահմանափակ խելք և անճարակություն կռվում: Իմ կարծիքով հագուստս նույնքան բարբարոսական է, որքան նրանցը: Սակայն մազերս ես չեմ յուղում:
Գաղիացիներն իրենց ժամանակի ամենաապաշնորհ անասուն մաշկողներն էին, ամենաապիկար խոտ հրկիզողները:
Նրանցից է գալիս կռապաշտությունս ու սրբապղծության հանդեպ իմ պաշտամունքը, - Օ՜, արատները բոլոր՝ զայրույթը, հեշտանքը (սքանչելի՜ է հեշտանքը), հատկապես կեղծիքն ու ծուլությունը:
Սոսկում եմ բոլոր արհեստներից: Տեր թե մշակ, կամ գյուղացի, բոլորն էլ նողկալի են: Գրիչ ես բռնում թե բրիչ, նույն արժեքն ունի: - Իսկակա՜ն ձեռքի դար է: - Ես երբեք չեմ ունենա իմ ձեռքը: Ձեռնասունությունը, ընդսմին, հեռուն է տանում: Սրտաճմլիկ եմ լինում վեհանձն մուրացիկներից: Ոճրագործները զզվելի են կռտվածների նման: Ասենք, ինձ ի՜նչ փույթ, ես անբասիր եմ:
Բայց ո՞վ է այսպես նենգավորել լեզուս, որ ցայսքան առաջնորդում, պահպանում է ծուլությունս: Կյանքս ապահովելու համար ես չօգտվեցի անգամ իմ սեփական մարմնից: Անբան դոդոշի նման ես ապրեցի ամենուրեք: Չկա որևէ եվրոպական ընտանիք, որ չճանաչեմ: - Սեփականիս նման հասկանում եմ այդ ընտանիքներին, որոնք կետ առ կետ շարժվում են Մարդու Իրավունքների Հռչակագրով: - Ես լավ գիտեմ ընտանիքից սերված տան տղերքին:



------------------------------

Երանի նախորդներ ունենայի Ֆրանսիայի պատմության որևէ կառմանում:
Սակայն ո՛չ, ոչի՛նչ չկա:
Միանգամայն պարզ է, որ ես ստորին ցեղից եմ: Ինձ անհասկանալի է ընդվզումը: Եթե ցեղս երբևէ ոտքի է ելնում, ապա միայն թալանելու համար. այդպես գայլերն են հարձակվում ուրիշի սատկեցրած գազանի վրա:
Հիշում եմ Ֆրանսիայի՝ Եկեղեցու ավագ դստեր պատմությունը: Ես՝ գեղջուկս, շրջագայել էի սուրբ երկրում. գլխիցս դուրս չեն գալիս շվաբյան հովիտներն ակոսող ճամփաները, բյուզանդիո տեսարանները, սոլիմյան ամրոցները: Մարիամի պաշտամունքը, գորովագթությունը Խաչելության վրա իմ մեջ հառնում են աշխարհիկ բյուրավոր հրաշքների կողքին: - Ես՝ բորոտս, նստած եմ խեցիների կտորտանքի ու ծակծկող եղինջների վրա, արևահար պատի տակ: - Ավելի ուշ որպես վարձկան-զինվոր պահակություն էի անում Գերմանիայի գիշերների ներքո:
Օ՜, չմոռանամ նաև. խելացնոր, հարայ-հրոցով պարում էի պառավների ու երեխաների հետ բոսորագույն մի բացատում:
Հիշողություններս չեն անցնում այդ երկրից ու քրիստոնեությունից անդին: Ես ինձ միշտ պատկերացնելու եմ այդ անցյալում: Սակայն հար մենակ, առանց ընտանիքի. իսկ ի՞նչ լեզվով էի խոսում: Երբեք ինձ չեմ մտաբերում ո՛չ Քրիստոսի, ո՛չ նրա փոխանորդների՝ Ավագների ժողովարաններում:
Ի՞նչ էի ես անցյալ դարում. միայն այսօր եմ ինձ վերագտնում: Վե՛րջ այլևս թափառաշրջիկներին, վե՛րջ տարտամ պատերազմներին: Ստորին ցեղը կլանել է ամեն ինչ. ժողովուրդն է, ինչպես ասում են, բանականությունը, ազգը և գիտությունը:
Օ՜, գիտությունը: Զավթել է ամեն բան: Վասն մարմնո և վասն հոգվո, - վերջին հաղորդությունը, - բժշկությունն ու փիլիսոփայությունը, - պառավական դեղամիջոցներն ու վերամշակված ժողովրդական երգերը: Նաև իշխանների զվարճալիքներն ու իրենց իսկ արգելած խաղերը: Աշխարհագրությունը, տիեզերագնացությունը, մեխանիկան, քիմիան
Գիտությունը, նորընծա ազնվականությունը: Առաջադիմություն: Աշխարհն առաջ է շարժվում: Իսկ ինչո՞ւ չպտտվի:
Ահավասիկ թվերի հայտնությունը: Մենք գնում ենք առ «Հոգին»:
Շատ ստույգ է իմ ասածը, մարգարեություն է: Ես հասկանում եմ, բայց նախընտրում եմ լռել, քանզի անկարող եմ բացատրվել առանց հեթանոս խոսքերի:

------------------------------

Հեթանոս արյո՜ւնն է արթնանում: Հոգին մոտիկ է, ինչո՞ւ Քրիստոսը ինձ օգնական չէ, ինչո՞ւ չի ընծայում հոգուս ազնվություն և ազատություն: Ավա՜ղ, Ավետարա՛նն էլ սպառեց իրեն: Ավետարա՛ն, Ավետարա՛ն:
Աստծուն սպասում եմ անհագ որկրամոլի նման: Հա՛ր և հավիտյա՛ն ստոր ցեղից եմ:
Ահա ես արմորիկյան լողափում եմ: Թող քաղաքները բռնկվե՛ն իրիկնալույսերի ծովում: Իմ օրն ավարտված է. ես լքում եմ Եվրոպան: Ծովաշունչ օդը կայրի թոքերս, մահաբեր եղանակից կդաբաղվի մաշկս: Լողալ, կոխկրտել խոտը, որսալ, ծխել մանավանդ խմել եռացող մետաղի նման թունդ ըմպելիքներ, ինչպես կոնծում էին իմ հարազատ նախնիները խարույկի շուրջը նստած:
Ես կվերադառնամ երկաթե մկաններով, թխաթույր մաշկով ու մոլեգին աչքերով. իմ դիմակից կգուշակեն, որ ես սերված եմ ուժեղ ցեղից: Ես շատ ոսկի կունենամ. կլինեմ դատարկապորտ ու բռի: Կանայք հոգածում են նման խեղանդամ գիշատիչներին, որոնք վերադարձել են տաք երկրներից: Ես խառնված կլինեմ քաղաքական գործերին: Եվ փրկված:
Այժմ ես անիծյալ եմ, սոսկում եմ հայրենիքից:
 Լավագույնը լավ հարբած քնելն է ափի ավազներին:
------------------------------

Ոչ մի տեղ չեմ մեկնի: - Կրկին կթափառեմ այստեղի ճանապարհներով՝ կքված իմ իսկ մեղքի ծանրությունից, մեղք, որն իր տանջաբեր արմատները խորքերս տարածեց հենց բանականությանս արշալույսին, - մեղք, որն ինձ երկինք է բարձրացնում, հարվածում, տապալում գետնին, քարշ տալիս իր հետևից:
Վերջին անմեղությունն ու պատկառանքը վերջին: Վճռված է: Չցուցադրել աշխարհին իմ նողկանքն ու դավաճանությունները իմ:
Առա՛ջ: Երթ, բեռ, անապատ, տաղտուկ և զայրույթ:
Ո՞ւմ վարձկանը դառնալ: Ո՞ր գազանին պաշտել: Ո՞ր սրբապատկերը երկրպագել: Ո՞ւմ սիրտը կոտրել: Ո՞ր կեղծիքը պետք է թաքցնել: Ո՞ւմ արյունով պետք է քայլել:
Մանավանդ զգուշանալ արդարադատությունից: - Կյանքը դաժան է, տխմարանալը՝ հեշտ, - կկռած ձեռքով չբացե՞մ դագաղի կափարիչը, պառկեմ ու խեղդվեմ: Այդպիսով վերջ ծերությանը, վերջ փորձանքներին: Խուճապը վայել չէ ֆրանսիացուն:
- Ա՜հ, այնքան լցված եմ, որ պատրաստ եմ կատարելության ձգտող իմ պոռթկումները նվիրաբերել ցանկացած աստվածային պատկերին:
Օ՜, իմ անձնուրացություն, օ՜, իմ սքանչելի գթասրտություն, սակայն՝ այստե՛ղ, ա՛յս աշխարհում:
De profundis Domine,
ի՜նչ հիմարն եմ:

------------------------------

Տակավին մանուկ՝ հիանում էի անհողդողդ տաժանապարտով, որի ետևից առընդմեջ գոցվում էին աքսորավայրի դռները: Այցելում էի այն իջևանատներն ու պանդոկները, որ նա սրբացնում էր իր ներկայությամբ, նրա աչքերով էի նայում երկնային կապույտին ու դաշտում ծաղկող եռուզեռին, ես նրա ճակատագրի հոտն էի առնում քաղաքներում: Նա ավելի զորեղ էր, քան ուզածդ սուրբը, ավելի ողջամիտ, քան ուզածդ ճանապարհորդը, - և նա՛, միայն ի՛նքն էր վկան իր փառքի և իր իմաստության:
Ճամփաներին, ձմռան պարզկա գիշերները անօթևան, անոթի և անհանդերձ մի ձայն էր անվերջ ճմլում սառցակալած սիրտս. «Թուլություն կամ ուժ. ահա, քեզ ուժն եմ տալիս: Դու ո՛չ գիտես, թե ուր ես գնում, ո՛չ էլ՝ ինչու ես գնում. մտի՛ր ամեն տեղ, պատասխանի՛ր ամեն ինչին: Եթե դիակ ես, առավելևս չեն սպանի քեզ»: Առավոտյան աչքերս այնքան շաղված էին, կերպարանքս՝ այնքան մեռելային, որ ինձ հանդիպողները գուցե և չտեսան ինձ:
Քաղաքներում ցեխը հանկարծ աչքիս հառնեց ալ սևաթույր, ինչպես հարևան սենյակում պտտվող լամպի արտացոլանքը հայելու մեջ, ինչպես ադամանդը՝ մութ անտառում: «Հաջողությո՜ւն», - գոչեցի ես և տեսա բոցե ու ծխե մի ծով երկնքում, իսկ աջ ու ձախ՝ գանձերն ամենակերպ՝ բռնկված ասես հազարաբույր շանթ-կայծակներից:

Սակայն գինարբուքն ու կանանց ընկերակցությունն արգելված էին ինձ: Մտերիմ անգամ չունեի: Ահա ես ինձ տեսնում եմ մոլեգնած ամբոխի առջև, մահապատիժն ի կատար ածող դասակին դեմառդեմ, վշտահար ողբալիս, որ անկարող են հասկանալ ինձ, և ես ներում եմ նրանց, - ինչպես Ժաննա դ'Ա՜րկը, - «Քահանանե՛ր, ուսուցիչնե՛ր, վարպետնե՛ր, - դուք չարաչար սխալվում եք ինձ դատաստանի ենթարկելով: Ես երբեք չեմ եղել այս ժողովրդի հետ, ես երբեք քրիստոնյա չեմ եղել, ես այն ցեղից եմ, որ երգում է տառապանքների մեջ, ես չեմ ըմբռնում օրենքները, ես զուրկ եմ բարոյականության հասկացողությունից, ես վայրենի եմ, դուք սխալվում եք...»:
Այո, աչքերս փակ են ձեր լույսի առաջ: Ես անասուն եմ, ես նեգր եմ: Բայց ես կարող եմ փրկվել: Դուք կեղծ նեգրեր եք, արյունարբու և ընչաքաղց մոլագարներ: Վաճառական, դու նե՛գր ես, ատենակալ, դու նե՛գր ես, զորապետ, դու նե՛գր ես, կայսր՝ հին քո՛ս, դու նե՛գր ես, դու խմել ես Սատանայի սարքած անսակադիր ըմպելիքը: - Այս խաժամուժը ներշնչված է տենդով ու քաղցկեղով: Ծերերն ու հաշմանդամներն այնքան հարգարժան են, որ ուզում ես մի լավ խաշել նրանց: - Չարաճճի բան կլինի թողնել մայրցամաքը, ուր խենթությունն է դեգերում՝ պատանդ հայթայթելով այս ողորմելիների համար: Ես մտնում եմ Քամի զավակների ճշմարիտ արքայությունը:
Արդյոք ճանաչո՞ւմ եմ բնությունը, ճանաչո՞ւմ եմ ինքս ինձ: - Այլևս ո՛չ մի բառ: Մեռելներին ես կթաղեմ իմ սեփական որովայնում: Ճիչե՛ր, թմբո՛ւկ, պա՛ր, պա՛ր, պա՛ր, պա՛ր: Նույնիսկ պահը չեմ զգա, երբ ափ իջնեն սպիտակները, և կսուզվեմ անէության գիրկը:
Քա՛ղց, ծարա՛վ, ճիչե՛ր, պա՛ր, պա՛ր, պա՛ր, պա՛ր:

------------------------------

Սպիտակները ափ են իջնում: Համազա՛րկ: Պետք է հնազանդվել մկրտությանը, հագնվել, աշխատել:
Բայց գթությունը խփեց գլխիս: Ա՜յ, դա չէի նախատեսել:
Ես չարիք չեմ գործել բնավ: Օրերս դյուրին կանցնեն, ստրջանքը կխնայի ինձ: Տառապանքներ չի կրի հոգիս գրեթե անկենդան բարիքի համար, որտեղից լույսն է բարձրանում դժնդակ՝ ինչպես հուղարկավորության մոմերից: Տան տղու բախտն է՝ անժամանակ դագաղ՝ ծածկված զուլալ արցունքներով: Անշուշտ, ցոփությունը հիմար բան է, մեղքը՝ նույնպես. բորբոսը պետք է մի կողմ շպրտել: Սակայն ժամացույցը դեռ չի կարողանա հնչեցնել միայն անաղարտ վշտի ժամը: Իսկ գուցե ինձ առևանգե՞ն երեխայի նման, որ ես խաղամ դրախտում բոլոր դժբախտությունների մոռացման մեջ:
Շտապի՛ր, կա՞ արդյոք մի ուրիշ կյանք: - Ննջելը հարստության մեջ անհնարին է: Հարստությունը միշտ եղել է հասարակական: Լոկ աստվածային սերն է շնորհում բանալիները գիտության: Ես տեսա, որ բնությունն ընդամենը բարության հանդես է: Մնաք բարյա՜վ, ցնորքներ, իդեալներ, մոլորություններ:

Ողջամիտ երգը հրեշտակների ամբառնումն է փրկակար նավից՝ դա սերն է աստվածային: - Երկո՛ւ սեր՝ կամ կմեռնեմ երկրային սիրուց կամ անձնվիրումից: Ես լքեցի հոգիներ, որոնց ցավը կահագնանա իմ մեկնումով: Դուք ինձ կգտնեք նավաբեկյալների մեջ, բայց նրանք, ովքեր մնում են, մի՞թե իմ բարեկամները չեն:
Փրկեցե՛ք նրանց:
Բանականությունս է ծնվում: Աշխարհը բարի է: Ես կօրհնեմ կյանքը: Կսիրեմ եղբայրներիս: Սրանք այլևս մանկական խոստումներ չեն: Ոչ էլ հույս՝ ծերությունից ու մահից խույս տալու համար: Աստված է ինձ ուժ տալիս, ես փառաբանում եմ Աստծուն:

------------------------------

Անձկությունն այլևս իմ սերը չէ: Կատաղություն, ցոփություն, խենթություն. գիտեմ նրանց բոլոր խոյանքներն ու աղետները, - թոթափել եմ ամբողջ բեռս: Առանց գլխապտույտ ունենալու գնահատենք իմ անմեղության ընդարձակությունը:
Ես այլևս ընդունակ չեմ մխիթարվել գանակոծությամբ: Չեմ կարծում, թե հարսանեկան նավ եմ նստել, որպեսզի աներս Հիսուս Քրիստոսը լինի:
Ես իմ խելքի գերին չեմ: Ես ասացի. «Աստված: Ես ազատություն եմ ուզում փրկության մեջ. ինչպե՞ս հասնել դրան»: Թեթևսոլիկ հակումներս լքել են ինձ: Այլևս ո՛չ անձնվիրություն, ո՛չ աստվածային սեր: Ես չեմ ափսոսում զգայուն հոգիների դարը: Յուրաքանչյուր ոք իր դատողությունն ունի արհամարհանքի ու գթասրտության. ես իմ տեղը պահում եմ ողջամտության այդ հրեշտակային սանդուղքի ամենաբարձր աստիճանին:

Ինչ վերաբերում է կայուն երջանկությանը, ընտանեկան կամ... ո՛չ... ո՛չ, ես չե՛մ կարող: Ես չափազանց ցրված եմ, չափազանց թույլ: Կյանքը փթթում է աշխատանքով, հին ճշմարտություն է. իսկ իմ կյանքն այնքան էլ ծանր չէ, այն ճախրում ու ծածանվում է հեռվում, գործողության վերևում` աշխարհի համար այդ թանկարժեք կետում:
Ասես պառաված օրիորդ լինեմ, քաջությունս չի հերիքում, որ մահը սիրեմ:

Թե՜ Աստված ինձ պարգևեր խաղաղությունը երկնային, աղոթքը օդեղեն, - ինչպես հին սրբերին: - Սրբե՜ր, զորավորնե՜ր, արվեստագետնե՜ր, սրանք ոչ մեկին այլևս պետք չեն:
Անվերջանալի՜ զավեշտախաղ: Իմ անմեղությունից լացս գալիս է: Կյանքը զավեշտ է, որ բոլորն են խաղում:

------------------------------

Բավակա՛ն է: Ահա՛ դատաստանը: - Հառա՜ջ
: Ախ, թոքերս այրվում են, քունքերս` պայթում, գիշերը թավալվում է աչքերիս մեջ այս արևի պատճառով, սի՜րտս,... մարմի՜նս...
Ո՞ւր ենք գնում, մարտի՞: Ես թույլ եմ, ինձնից առաջ են անցնում: - Գործիքնե՛ր, զենքե՛ր... ժամանա՛կ...
Կրա՛կ, կրակե՛ք ինձ վրա: Ա՛յ, այստե՛ղ, թե չէ կհանձնվեմ:
-
Վախկոտնե՛ր- Ես ինձ կսպանե՛մ, կնետվե՛մ ձիերի սմբակների տակ:
Ա՜հ...
-
Դրան էլ կվարժվեմ:
Դա կլինի ֆրանսիական կյա՛նքը, պատվի արահե՛տը: