13.05.2011

Վիլյամ Շեքսպիր - Համլետ (Համլետի մենախոսությունը)

Լինել թե չըլինել, այս է խնդիրը.
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,
Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները,
Թե զենք վերցնել ցավ ու վիշտերի մի ծովի ընդդեմ,
Եվ դիմադրելով՝ վերջ տալ բոլորին:
Մեռնել, քընանալ, ոչինչ ավելի,
Եվ մտածել, թե մի պարզ քընով, մենք վերջ ենք տալիս
Այն սրտացավին և բյուր բնական անձկություններին,
Որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը,
Մի վախճան է դա՝ հոգով բաղձալի,
Մեռնել, ննջել, ննջե՞լ… գուցե երազել.
Ա՜յ, ցավն այդեղ է, քանզի այդ մահվան քընի ժամանակ
Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե՝
Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք.
Ահա ինչ որ մեզ խորհել պէտք է տա. ա´յս նկատումն է
Որ այսչափ երկար տևել է տալիս թշվառությունը:
Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել
Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին,
Հարստահարչի անիրավության,
Մեծամիտ մարդու արհամարհանքին,
Քամահրած սիրո տվայտանքներին,
Օրենքի բոլոր ձգձգումներին,
Պաշտոնյաների աներեսության,
Այն հարվածներին որ համբերատար արժանավորը
Ստանում է միշտ անարժաններից,
Այնինչ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել
Մի մերկ դաշույնով: Ո՞վ կըհոժարեր այսքան բեռ կըրել,
Հեծել ու քրտնել տաղտուկ կյանքի տակ
Եթե երկյուղը մի ինչ-որ բանի մահվանից հետո,
Այն անհայտ երկրի, որի սահմանից
Ոչ մի ուղևոր չէ վերադառնում,
Չըձգեր կամքը երկբայության մեջ, և մեզ չըստիպեր
Տանել ավելի այն չարիքները, որ այստեղ ունինք.
Քան թե սավառնել դեպի նոր ցավեր, որոնց անգետ ենք:
Խոհամտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում.
Եվ հենց այս կերպով վճռականության բնածին գույնը
Ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից,
Եվ շատ ձեռնակներ, մեծ ու կարևոր.
Շեղվում են այսպես իրենց հոսանքից,
Եվ գործ կոչվելու անարժան դառնում: