04.05.2011

Շարլ Ազնավուր - Խենթանում եմ քեզ համար

Մի դուռ է բացվում,
Դու դուրս ես գալիս, գնում իմ կյանքից,
Եվ ամեն անգամ ինձ վախն է պատում
Դառնում եմ շշունջ, հոգեվարք ապրում.
Երբ դու գնում ես`
Հուսալքվում եմ
Ու խենթանում քեզ համար:

Դուռը փակվում է, հոգիս` մոլորվում.
<Ախր ում համար> և <ինչու գնաց>:
Ծովում կորսված կղզյակ եմ դառնում,
Խառնակ ծովերից ծեծված-բզկտված,
Դու գիտես արդյոք, որ ամեն վայրկյան,
Խենթանում եմ քեզ համար:

Չեմ կարողանում թեկուզ մի ժամով
Ապրել մեն-մենակ, ինքս-ինձանով,
Քո աչքերում եմ ես ձև ստանում
Եվ երջանկանում կամ դժբախտանում,
Քո ցանկությամբ է սիրտս տրոփում,
Ինձ մարդ եմ զգում, երբ սիրում ես ինձ,
Եվ քեզնից հեռու, ահ ու սարսափով,
Խենթանում եմ քեզ համար,
Խենթանում եմ քեզ համար:

Մի դուռ է բացվում, վերադառնում ես,
Ու երբ դու կրկին ինձ ես նվաճում,
Դառնում եմ անզոր, ես սեր եմ դառնում:
Երբ ներս ես մտնում հույսերիս դռնից
Ու պինդ գրկում եմ մարմինը քո մերկ,
Ես խենթանում եմ սիրուց,
Խենթանում եմ քեզ համար: