04.05.2011

Վահագն Դավթյան - Անքնություն |Ա|

Անքնություն,
Դեղին թախիծ,
Դու, որ կյանքում հետապնդել
Ու հալածել ես ինձ անվերջ, իբրև ոսոխն իմ անձնական,
Ինչպես դարձար այսքան մոտիկ,
Ինչպես դարձար այսքան ընտել
Ու սիրելի դարձար անգամ...

Կան այդպիսի համառ կանայք,
Սիրահարվում կյանքում մեկին,
Հետապնդում խոնարհ ու լուռ,
Թվում են թույլ, թվում անկամ,
Բայց տեսնում ես կամաց-կամաց,
Որ զորությամբ մի անմեկին
Դառնում մոտիկ ու մտերիմ,
Բաղձալի են դառնում անգամ:

Անքնություն,
Դեղին մորմոք,
Դու չսիրած-սիրած իմ կին,
Եթե չգաս ամեն գիշեր ու սնարիս լու չհսկես,
Ինչպես պիտի գտնեն իրար 
Ու հասկանան իրար կրկին
Ցերեկների տենդում կորած իմ եսն ու ես ...

Թե դու չգաս,
Ես առանց քեզ ինչպես անեմ հոգեհարցում,
Ինչպես խոսեմ անհայտի հետ,
Կապույտի հետ,
Ցողի,
Խոտի,
Փոշեկալած իմ հոգու մեջ
Ինչպես գտնեմ խիղճ ու արցունք,
Ինչով ցողեմ բացվող դեմքը առավոտի:

Թե դու չգաս,
Ինչպես լսեմ քամու հառաչն անպատմելի,
Ինչպես, ասա,
Ականջ դնեմ զղջումներիս հեռու լացին,
Ինչպես բռնեմ ընկնող ասուպն ու ու կսկիծով իմ մատների
Տանեմ նորից պատանության իմ սիրածին:

Ինչպես գնամ ծննդավայր,
Ինչպես գտնեմ գետակն իմ զով,
Մեր դուռը փակ,
Որ նա իմ դեմ բացվի որպես ավետարան,
Ծուխ ծխանին,
Թոնիրը տաք, որ լեցուն էր արշալույսով
Եվ այն ամենն, ինչ ինձանից 
Դարի հողմերն անհետ տարան:

Ուրեմն,
Փառք ու գոհություն
Քեզ, իմ տանջված, քեզ, իմ արդար,
Դու` ցավող սիրտ,
Արթուն կարոտ,
Անջնջելի խղճի խարան,
Դու` կորստի ու զղջումի տառապալի հաշվեհարդար,
Դու` աստղային իմ քավարան...