06.06.2011

Գիյոմ Ապոլիներ - Ճամփորդը

Ֆեռնան Ֆլյորեին

Բացեք իմ դեմ այս դուռն, որ բախում եմ լալով:

Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի նման:

Դիտում էիր հսկա ամպերը և որբ մի նավ,
Որոնք իջնում էին դեպի տենդեր գալիք:
Այդ մորմոքները քո, զղջումները բոլոր
Հիշում ես դու?:

Տարտամ ու կոր ձկներ` ստորջրյա ծաղիկ:
Գիշերը ծով էր, ուր 
Գետերն էին թափվում:

Ես հիշում եմ, հիշում եմ դեռ:

Մի երեկո տխուր մի հյուրանոց իջա
Լյուքսեմբուրգին մոտիկ:
Մի Հիսուս էր հառնում լայն սրահի խորքում:
Մի մարդ` ոզնու տեսքով,
Մյուսը` ժանտաքիսի,
Լուռ թուղթ էին խաղում,
Եվ մոռացար դու ինձ:
Հիշում ես դու արդյոք կայարաններ չափած մեր որբությունը երկար?:
Մենք քաղաքներ անցանք, որոնք ցերեկն ամբողջ պտտելուց հետո,
Օրվա արևն էին գիշերվա մեջ փսխում:

Օ, նավազներ,օ , իմ ուղեկիցներ և դուք, մռայլադեմ կանայք,
Վերհիշում եք արդյոք?:

Երկու նավազ, որոնք չէին լքել իրար,
Երկու նավազ, որոնք չէին խոսել բնավ:
Փոքրը մահվան ժամին կողքի վրա ընկավ:

Ուղեկիցներ իմ թանկ`
Կայարաններ լցնող էլեկտրական զանգեր, քաղվոր կանանց երգեր,
Կամուրջների հեծյալ զորագնդեր անթիվ, փողոցների ջոկատ,
Մսագործի մի կառք և գիշերներ գունատ` խմիչքների միգում...
Խենթերի պես էին ապրում իմ այդ տեսած քաղաքները բոլոր:
Հիշում ես մատույցներ ու նախիրի նման տեսարաններ լալկան?:

Լուսնի լույսի վրա նոճիների շուքեր:
Լսում էի ես այդ գիշերում ուշ ամռան
Մի լայն գետի խոխոջյունը անմեռ
Եվ գրգռված հավքի կիսնվաղ մի ձայն:

Բայց երբ ամեն մեռնող սևեռում էր ծոցին
Իր աչքերը, դրանք ջղաձգորեն բացած`
Ափերն էին ամա, խոտավետ ու լռին,
Իսկ դիմացի ափին լեռը շատ էր պայծառ:

Այնժամ, երբ թվում էր, թե չկա ձայն ու ձև,
Իրենց  տարտամ դեմքը կիսով շուռ տալով
Եվ նիզակի ստվերը բռնած իրենց առջև`
Աշխույժ շուքեր անցան պայծառ լեռան կողքով:

Եվ լանջերի վրա ուղղահայաց լեռան
Այդ շուքերը մորվեղ, սայթաքելով հուշիկ,
Մերթ բարձրանում էին և մերթ իջնում անձայն
Եվ արտասվում էին հանկարծ, ինչպես մարդիկ...

Ում ես ծանոթ այս հին նկարների վրա?:
Հիշում ես, մի մեղու կրակի մեջ ընկավ:
Օրն այդ հիշում ես դու` ամռան վերջն էր արդեն:
Երկու նավազ, որոնք չէին լքել իրար:
Երեցը մի երկաթ շղթա ուներ վզին,
Իսկ կրտսերը խարտյաշ իր մազերն էր հյուսում:

Բացեք իմ դեմ դուռն այս, որ բախում եմ լալով:

Հեղհեղուկ է կյանքը Եվրիպեի նման: