07.08.2015

Հովհաննես Գրիգորյան - Գեղարվեստական միջոցառում կանանց գաղութում

Աշուն է: Բանտարկյալների համար ոտանավոր կարդալու լավագույն ժամանակը:

 Ճերմակ ներկած դահլիճում հավաքված էին գույնզույն լաչակավոր մարդասպաններ, գողեր, ավազակներ… Մի խոսքով, սովորական կանայք, որոնց կարելի է հանդիպել ամենուրեք` փողոցներում, թատրոններում, տոնավաճառներում, և հատկապես, ընտանեկան հաճելի մթնոլորտում` հարազատներով շրջապատված: Ոևորված խոսում էի անկախությունից, ազատությունից, բազմակուսակցությունից և հարաբերություններից միջազգային: Նրանք ծափահարում էին խանդավառ և հետո խնդրեցին ինձ` սիրային բանաստեղծություններ կարդալ, որոնց մեջ խոսք չլիներ անկախության և հատկապես ազատության մասին:

Աշուն է: Բանտարկյալների համար սիրային և հատկապես բաժանման բանաստեղծություններ կարդալու լավագույն ժամանակը:

Եվ ահա, սեր իմ, ես հիշեցի քեզ և կարդացի մեր կարճատև հանդիպման և երկարատև բաժանման, հեռավոր աշնան մասին, երբ ծառերը սովորականից շուտ տերևաթափվեցին, և ես թեթև հանված հանկարծ խորացա ձյուն ու ձմեռվա մեջ և այլևս չվերադարձա…: Հուզմունքից խզված ձայնով կարդում էի, և արցունքները գետի պես հոսում էին աչքերիցս, և հանկարծ նկատեցի, որ բարձր, ձայնը գլուխները ցած, առանց ամաչելու լալիս են նաև գույնզույն լաչակավոր մարդասպանները, գողերը, ավազակները…: Սովորական կանայք, որոնց, արդեն գիտեք` որտեղ կարելի է հանդիպել…

Աշուն է: Առանց ամաչելու: Բարձր: Ձայնը լգուխը գցած լաց լինելու լավագույն ժամանակը: