10.04.2012

Ռուզաննա Պետրոսյան – Զրուցի՛ր ինձ հետ


Զրուցի՛ր ինձ հետ
Անթարգմանելի հույզերի փնջով,
Կամ անհուսության
Քո ցուրտ ափերից:
Հեղձուկը՝ հիմա կոկորդս խրված,
Արդեն քանի՜ օր դռնապահ շան պես
Արգելում է, որ տկար ուղեղս
Ուրիշ միտք ծնի սրանից բացի.

Բոլոր սերերն էլ հանգչում են վերջում:

Ցավը, որ այսպես սեղմում է կուրծքս
Երկար չի՜ տևի.
Մի քանի ամի՜ս... կամ գուցե՝ տարի:
Մի ուրիշ ալիք այս տառապանքի հետքը կլվա,
Մի ուրիշ խոսքից
Շառաչուն սիրտս ափերից կելնի
Ու կուլ կտա ինձ՝
Արդեն քանի հետ խեղդված- փրկվածիս:

Անհնար է, որ
Իմ բարկ տրոփի լիցքերը անթիվ
Չհասնեն սրտիդ.
Չէ՞ որ ոչ մի բան
Անհետ չի կորչում:
Ինձ սիրտդ պետք չի՛.
Միայն մի՛ լռիր,
Միայն մի՜ լռիր:

Հպարտությունը մահացու մեղք է.

Տե՛ս, նույնիսկ իմ մեջ
Փշրել եմ բոլոր ապառաժները:
Մեղրամոմ եմ ես՝ հնազանդ ,անկամ,
Ու սպունգի պես պիտի ներծծեմ
Բոլոր խոսքերդ՝ թեկուզ և թունոտ,
Մռայլ, հեգնալից.
Միայն մի՛ լռիր,
Միայն մի՜ լռիր:

Ինչպես որ խոփն է առուներ գցում
Ձնհալից հետո գարնան դաշտի մեջ,
Այդպես էլ հիմա քո լռությունն է
Ակոսներ քաշում իմ սրտի վրա:

Բայց թե հողի մեջ սերմ են գցելու,
Որ արևի տակ ընձյուղ պիտի տա
Ու բերքով լցվի,
Սրտիս ակոսում արդեն ո՛չ մի հունդ,
Ո՛չ մի մանուշակ արդեն չի՜ բացվի:

Գոնե ասա ինձ, թե քո լռության
Գութանի ցավը,
Քո՛ տված ցավը
Ե՞րբ պիտի անցնի...

2001