29.06.2013

Ռաբինդրանաթ Տագոր - Պարտիզպանը (Պոեմ 14-րդ)

Թեպետև կեսօրն անց էր, ու բամբուկի ճյուղերը աղմկում էին քամուց` չգիտեմ ինչու ես քայլում էի ճամփով:
Թեքվող ստվերները, իրենց երկար թևերը պարզելով, փախչող լույսի ոտքերն էին ընկնում:
Քեոյլիները հոգնել էին երգելուց:
Ես քայլում էի ճամփով, ինքս էլ չգիտեմ թե ինչու:

Սաղարթախիտ ծառի հովանու տակ, գետի ափին է խրճիթը:
Մի ինչ-որ կին զբաղված է իր գործով, ու նրա ապարանջանների զնգոցը երաժշտությամբ է լցրել այդ անկյունը:
Ես կանգ առա այդ խրճիթի մոտ` ինքս էլ չգիտեմ թե ինչու:
Նեղ օձապտույտ ճամփան կտրում է մանանեխի անթիվ դաշտեր ու մանգոյի անհամար պուրակներ:
Այդ ճամփան անցնում է գյուղի տաճարի ու գետափնյա շուկայի կողքով: Ես կանգ առա խրճիթի մոտ` ինքս էլ չգիտեմ թե ինչու:

Տարիներ առաջ մարտի հողմաշունչ մի օր գարնան թոթովանքը թախծոտ էր, ու մանգոյի ծաղկունքը թափվում էր փոշեպատ գետնին:
Ծփծփուն ջուրը հորձանքով ծառս էր լինում ու լիզում գետափի սանդուղքի վրա մոռացված պղնձե ամանը:
Ես մտածում էի մարտի հողմավար այդ օրվա մասին` ինքս էլ չգիտեմ թե ինչու:

Ստվերները խորանում են, ու նախիրը տուն է դառնում:
Մենավոր դաշտերում գորշացավ լույսը, ու գյուղացիները դաշտում սպասում են լաստանավին:

Հանդարտ, կամացուկ ես տուն եմ դառնում` ինքս էլ չգիտեմ թե ինչու: