28.06.2013

Ռաբինդրանաթ Տագոր - Պարտիզպանը (պոեմ 25-րդ)

    «Մո՛տ եկ, պատանի, ճիշտն ասա մեզ, ինչո՞ւ են աչքերդ մոլեգնած»:
    «Չգիտեմ` այն ի՞նչ գինի էր վայրի կակաչից պատրաստված, որ ես խմեցի. դրանից են աչքերս մոլեգնած»:
    «Օ՜, ամո՛թ քեզ»:
   «Ի՞նչ անենք, մարդ կա իմաստուն է, մարդ կա` հիմար, մարդ կա զգույշ է, մարդ կա` անհոգ: Կան ժպտուն աչքեր ու կան լալկան, բայց իմոնք մոլեգնած են»:

  «Պատանի՛, ինչո՞ւ ես անշարժ կանգնել ծառի շվաքում»:
  «Ուժասպառ են լինում ոտքերս սրտիս ծանրության տակ, ուստի և անշարժ կանգնել եմ ստվերում»:
  «Օ՜, ամո՛թ քեզ»:
  «Ի՞նչ անենք, մարդ կա առաջ է գնում, մարդ կա ետ է մտնում, ոմանք ազատ են, ոմանք` շղթայված, իսկ իմ ոտքերն ուժասպառ են սրտիս ծանրության տակ»: