19.02.2011

Օվսաննա Գևորգյան - Ընկուզենին



Նա ուներ 39 բարեկամ:
Չորս հորաքույր: Առաջին հորաքուրը ուներ երեք երեխա, երկրորդը` 2, երրորդը` 2, չորրորդը` երկուսուկես` ամուսինն էլ հաշված: Նա ուներ երկու հորեղբայր. 3 և 2 երեխա: Նա ուներ երկու տատ և մեկ պապ: Ուներ մորաքույր, մորաքույրը ուներ 3 երեխա: Ուներ հայր, մայր, քույր, եղբայր: Երբ գալիս էր ամառը, բոլոր բարեկամները հավաքվում էին իրենց ամառանոցում. Իսկ ամառանոցը` քարե տուն գյուղում: Տան դիմաց մեծ այգի` իրարից հեռու ծառերով: Տուն. քարից, երկու հարկ, հին: Ծառերի տակ` սեղան` երկար, շուրջը երեսունինը բարեկամ: Կանայք գնում-գալիս են, խոհանոցից ինչ-որ բաներ են տանում-բերում: Ձգվում է անվերջ ճաշը. 39 բերան երբեք չի կշտանա:
Մտքում միևնույն տողը, արդեն երկու օր: Երկու անիմաստ տող. երաժշտությունը չգիտի: Աչքերի առջև սևանում էր.
                             Ես խեցեմորթ հավաքելու
                             Էլ չեմ ուզում գնալ մայրիկ…
Անընդհատ, նույն երկու տողը, առանց ընդմիջումների:
Քամին սեղանների կողմից ուտելիքի հոտ բերեց. առավոտից հաց չեր կերել: Քայլում էր նարնջագույն միջանցքով ու դժժացող գլխում լողում էին սև կետեր: Մտավ խոհանոց, խաշած մսից երկու մեծ կտոր դրեց ափսեի մեջ ու սենյակ բարձրացավ: Տունը լցվում էր   կուշտ բարեկամների աղմուկով. կրծած ոսկորների վրա ճանճեր էին հավաքվում: Փոքր, երկհարկանի տուն, 39 բարեկամ: Ամենուր վազվզում են երեխաներ, աման լվանում, ծխում:
_ Արի խաղանք:/ Պատուհանի տակից փոքրիկ արևախանձ մարմին/
_ Իջիր, իջիր խաղանք…
15 րոպե.<Դե իջիր, իջիր,ի…>
Սենյակոում թափառում էր անըդհատ վախը, որ բացվող դռների աղմուկը կմոտենա իրեն: Արագ քայլերի ձայնն անցնում էր իր սենյակի մոտով. զսպված ծիծաղ, հեռվում` գոռգոռոց:
_ Դե իջիր խաղանք,- մեծ արևախանձ մարմին…
<Հրեշին քարանձավ տվեք մոլորակում, ուր մարդկային ոտքը չի քայլել հողի վրայով, ու ես հրեշ կլինեմ, որ սնվում է անտառի ձայներով ու մարդկանց շնչով: Միայն թե մարդիկ մոտ չգան, չխառնվեն անտառին, միայն…>:
_ Վատ տղա, իջիր, իջիր խաղանք…
Փրկություն չկա աղմուկից. տանջանքի մի տեսակ կա, երբ մարդուն դնում են զնդանը ու վերևից գլխին ջուր կաթեցնում այնքան, մինչև գլուխը ծակվի:
Սպիտակ շոր է հագել հարևանուհին, կարմիր շրթներկ է քսել. մսեղ տիկին է: Միսը ուտելիս ատամների ծայրով է կծում մսեղ տիկինը, որ սպիտակ շոր է հագել:
Ոտքերով կախվել էր ճյուղից, գլուխը` ներքև: Ընկույզի ծառը կախարդ է . <Մնացածը վերաբերում է մարդկանց>: <Տեր իմ Աստված, ողորմա բազմամեղիս, կատարիր փափագս. մսեղ կինը ամենուր է, փրկություն չկա>:
Նստած դռան հետևում. ձախ կողմից պատուհանն է, ու նարնջագույն լուսը գետնին փորձում է մատներին հասնել: Նա գրկել է ծնկները ու կարող է տեղավորվել ճամպրուկում, ազնիվ խոսք, կարող է: Ծպտուն էլ չի հանի, ոչ մի բան էլ չի ուզի:
<Մերկ մարմնով պառկեի եղևնու ճյուղերի վրա, ու զգայի ` ինչպես են ծակում մաշկս>:
Փոքրիկները ցատկոտում են այգում, նրանք ճչում են ծիծեռնակների նման, ու դեռ վարունգի հոտ է գալիս, բայց արդեն սուրճի: Փոքրիկ ծաղիկներ` հնարավոր բլուրներին, ուր չի եղել մարդու ոտքը: Քարայրը սպասում է մաքուր ավլած, մորթիներով, քարե դարակներին կավից ամանով կաթ, մահացած փայտ է վառվում օջախում: Ծխահոտ քարանձավի վերևի ճեղքի մեջ ծիծեռնակը բույն է դրել, իսկ քարանձավի դիմացով, ուղիղ կեսօրին, մեծ օձը գնում է դաշտ:
Իսկ մսեղ տիկինը, ու դեղին բեղերով հորեղբայրը, ու շաքարաղտ ունեցող հորաքույրը, ու սիրող մայրը, ու նրանց նիհար ու չաղ երեխաները/ դե իջիր, իջիր ցած/ չեն նստում ընկույզի ծառի տակ. գլխացավ է առաջացնում.
                 Ես խեցեմորթ հավաքելու
                  Էլ չեմ ուզում գնալ մայրիկ…
<Ձայնդ կտրիր> : Մոտենում է բացվող դռան վախը. <Ուր է պաղկվել մեր ամաչկոտ տղան>: <Ես կարող  եմ ճամպրուկի չափ դառնալ, ծակեր էլ կանենք, ես հետո այնտեղից ձեր համար եդեմի մրգերից կբերեմ… >:
_ Սոված չես,- սիրող մայր:
_ Չէ, միս եմ կերել:
_ Կանչում են:
_ Ասա` քնած էր:
Դուռը փակվեց. սիրող մայր:
Աստղերը երկնքում: Կիսալուսնի լույսը քնած մանուկների միջով ձգվում է ձեռքի մատներին: Քրտնած մանկական մարմինների հոտ, փոշոտ ոտքեր, քուն: Քրտնած ճակատին կպած մազեր: Պատուհանի մոտ ընկուզենին կարծես կողքի է քաշվել, որ չփակի լուսնի լույսը. <Կախարդ ծառ>:  Ծառի ստվերը լուսնի լույսի հետ ներս էր ընկել ու ձգվել հատակին: Տղան ձեռքը դրեց ստվերի ծայրին: Տղան քաշվեց ծառի ստվերի մեջ ու քնեց: