17.02.2011

Ռնե Շար - Ամեն ինչ վերցրած այս սերը

Երկրի վրա նախօրեին
Շանթն առվի մեջ լույս էր դարձել,
Այգեստանն էր սնում մեղվին,
Բարձրացնում էր թիկունքը բեռ:

Թափառում էր ճամփան անփույթ
Փոշին լցրած հավքի թևին,
Քարը քարին դառնում էր կույտ,
Սիրող ձեռքով առնում հոգի:

Արձագանքը պետք է անվերջ
Կրկներ ամեն պահի տանջված
Անիրազեկ մենության մեջ
Բարեկամի պարտքը անսանձ:

Բռնությունն էր և դյութական,
Մարդն էր նույնպես մահվան գրկում,
Հոգեվարքի պահին, սակայն,
Սաթե մի շող աչքն էր կնքում:

Եվ ափսոսանք, ցածր դռներ.
Լոկ արդյունք են հետևանքի,
Որ կործանեն պատրանքը մեր
Կյանք տան մեռած մեր մարմնին:

Ա~, ձայն տանք մեզ տանող քամուն.
Մենք ենք նրան բարձրացնում վեր:
Երկրի վրա` ջանքով լեցուն,
Հզոր ստից էլ առավել
Կա անխարդախ մի սփոփում: